My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Երեւան-Արտաշավի կրթական կամուրջներ. հաշվետու մեկնարկ

Թողնել մեկնաբանություն


DSC09562

Պատմությունը սկսվեց Դիլիջան-Իջեւան ճանապարհին իմ ու Անդրանիկի հանդիպումից։ Անդրանիկը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով աշխատել է Տավուշի Մովսես գյուղում։ Մի քանի ամիս առաջ ավարտել է ծրագրով նախատեսված կրթական ծառայությունը, հիմա փորձում է օգտակար լինել Արցախին, փոքրաթիվ սովորողներ ունեցող գյուղական դպրոցներին։ Պատմեց, որ Քաշաթաղում՝ Բերձոր շրջկենտրոնից հյուսիս-արեւելք, մոտ  35 կմ չբարեկարգված ճանապարհը տանում է զարմանահրաշ բնությամբ ու ջերմացնող սրտեր ունեցող մարդկանց աշխարհ։ Մինչեւ 90-ականները, տարածքը հիմնականում քրդաբնակ,ադրբեջանաբնակ է եղել։ 1994-ից վերաբնակեցվել է հայերով։

Այժմյան Արտաշավի գյուղի տարածքում գործել է մեծ դպրոց՝ 3 մասնաշենքով՝ սպասարկելով մոտակա գյուղերը։ Ազատագրումից, վերաբնակեցումից հետո Արցախի կառավարությունը որոշում է քանդել ու կողքը նորը կառուցել։ Գոնե ինձ համար անընդունելի է կանգուն շենքերը չօգտագործելը, բայց ինչեւ…

Այսօր Արտաշավի գյուղում ունենք նոր կառուցված՝ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող դպրոց։ Դպրոցում սովորում են տեղացի եւ հարեւան Նորաշենիկ գյուղի երեխաները։ Ու Անդրանիկն ու Անդրուշը , որը նաեւ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով այժմ Արտաշավիում է, նախաձեռնել են դպրոցում ոչ ֆորմալ ուսուցում կազմակերպել՝ տեսակապով տարբեր մասնագետների հնարավորություն տալով երեխաների համար հետաքրքիր դասընթացներ կազմակերպել։ Հավես է, չէ՞…

Շատ արագ կողմնորոշվեցի ու սկսեցի հարց ու փորձ անել, թե ինչպես կարող եմ աջակցել։ Պարզվեց՝ դպրոցը պրոյեկտոր չունի։ Մնացածը ենթադրեք և շարունակեք կարդալ…
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ողջունեց, ծափահարեց oխնդրանքս ու ավագ դպրոցի սովորողները նվերներով սեպտեմբերի 20-ին եռօրյա ճամփորդության մեկնեցին Արցախ՝ Արտաշավի՝ նաև միասին նշելու համազգային մեր տոնը։
Սովորողների մեծ մասն առաջին անգամն էին լինելու Սյունիքում, Արցախում ու որոշեցինք, որ Շաքին չտեսնելը, նրանով չհիանալը անընդունելի կլինի մեզ համար:

Ժամանակը շատ սուղ է, Արցախի համար երեք օրը քիչ է, շտապել է պետք…

Հասանք.  Ազատ Արցախը ողջունում է ձեզ: Ճանապարհի հոգնածությունը կարծես չէր էլ եղել ու նոր շունչ ստացած սկսեցի պատմել Բերձորի (Լաչին) ազատագրման, մարդասիրական միջանցքի, մեզ սպասող Արտաշավի գյուղի մասին: Համացանցում շրջանի բնակավայրերի մասին շատ քիչ տեղեկությունները կարծես որևէ պատճառաբանությամբ չեն կարող արդարացնել բոլորիս բացթողումը:  Քաշաթաղը աննկարագրելի սիրուն աշխարհ է, ամեն մի քարը, սարն ու ձորը, ծառն ու թուփը մի պատմություն ունեն, որ բացահայտման են սպասում: Այստեղ պետք է այցելել, խմբերով այցելել, թափառել, մոլորվել անտառներում, գտնել ու զմայլվել։

Հյուրընկալվել տեղացիների հարազատ, ջերմ օջախներում, հանդիպել մեր ժամանակների իրական հերոսներին, ավերջ լսել ու ոգեշնչվել  նրանց ապրած ու ապրելիք կյանքով։ Այստեղ ամեն ինչ մի ուրիշ ուրիշ է…

Երեւի արդեն հասկացաք՝ Արտաշավիում ենք, երեխաները երեկոյան խարույկավառությունից հետո տեղավորվել են տներում ու թեյի սեղանի շուրջ զրուցում են, ծիծաղում են, ուրախանում՝ ընկերություն են անում։

Հաջորդ օրը նախորդից էլ ավելի կարեւոր է՝ մեր անկախ, ազատ երկիրը 28 տարեկան դարձավ։ Նվեր ունենք՝ առավոտ շուտ, որտեղից որ արեւը մեզ ողջունել է, քայլում ենք այդ սարը, միասին հաղթահարում ենք ճանապարհի դժվարությունները, կիսում ենք շատ քիչ մնացած ջուրն ու Լիլիթի մայրիկի թխած համով կարկանդակները։

Ճամփորդեք ու կհամոզվեք՝ մանկավարժությունը Հայաստանի ճամփեքին է, սարերում ու ձորերում է, տարբեր բնակավայրերի երեխաների ընկերությունում է…

Ընկերությունը չի սիրում պայմանավորվածությունների խախտում՝ հաջորդ հանդիպումը կլինի Երեւանում, իսկ մենք ճանապարհ ընկնենք՝ դեռ պետք է հիանանք Շուշիով, Ստեփանակերտով…

Մնաց գրեմ ամփոփումը, բայց երկար գրում-ջնջում եմ եւ թերեւս միայն մեջբերեմ իմ ու 8-ամյա Վաչեի երկխոսությունից մի կտոր.

-Լա՞վ է Արտաշավիում, սիրու՞մ ես ձեր գյուղը։

Ես էստեղ պետք ա ապրեմ, որ ուրիշը էստեղ չապրի… ))))

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s